«

Nov
23

ԱՐՄՏԵԼԵՄԵԴ-1 ԿՈՆԳՐԵՍ. ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄՏԵԼԵՄԵԴ-1. ՀԱՄԱՌՈՏ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
  • Կոնգրեսի մասնակիցների ընդհանուր քանակը՝ 287, այդ թվում՝ 150 սովորական մասնակիցներ, 22 հովանավորներ, 20 կազմակերպիչներ և 76 ուսանողներ.
  • Միջազգային մասնակիցների թիվը՝  53
  • Հրավիրված զեկուցողների/դասախոսների թիվը՝  19
  • Միջազգային զեկուցողների/դասախոսների թիվը՝  15
  • Ներկայացված երկրների քանակը՝ 20
  • Հովանավորների / աջակիցների  ընդհանուր քանակը՝ 26
  • Զեկուցումների ընդհանուր քանակը՝ 33
  • Ցուցահանդեսային տաղավարների քանակը՝ 6
  • Սեմինարի մասնակիցների ընդհանուր քանակը 75

Հարգելի գործընկերներ,

Ամփոփելով “ԱՐՄՏԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագա” Տելեբժշկության և էլեկտրո­նային առողջապահության առա­ջին հայկական միջազ­գա­­յին կոնգրեսի արդյունքնե­րը, ցանկանում ենք ներկայա­ց­նել Ձեզ միջոցառման հետ կապված որոշ վիճակագրա­կան տվյալներ և քննարկել Ձեզ հետ կոնգրեսի հիմնա­կան ձեռքբերումները: Հիշեց­նենք, որ կոնգրեսը կայացավ ս/թ հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում և կազմակերպվել էր Տելեբժշկության Հայկական ասոցիացիայի (ՏԲՀԱ), Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) և Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) համատեղ ջանքերով, ՀՀ Առողջապահության Նախարարության և ոլորտի միջազգային երկու առաջատար կազմակերպությունների՝ Տելեբժշկության և Է-առողջապահության միջազգային ընկերության (ISfTeH)  և Ամերիկյան տելեբժշկական ասոցիացիայի (АТА) հովանու ներքո:

Կոնգրեսի ընթացքում և նրանից անմիջապես հետո հրավիրված դասախոսների, մասնակիցների և հյուրերի կարծիքներից միանշանակ պարզ դարձավ, որ միջոցառումը հասել է իր նպատակին, դառնալով Հայաստանում և տարածաշրջանում առողջապահական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման պատմական անկյունաքար:

Կոնգրեսի նշանակալիորեն հարուստ հիմնական ծրագիրը մեկնարկեց տպավորիչ Բացման հանդիսությամբ, որի շրջանակներում կոնգրեսի մասնակիցներին իրենց ուղերձները հղեցին Տելեբժշկության և Էլ. Առողջապահության բոլոր ոլորտները ներկայացնող խոսնակներ՝ ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության հանձնաժոովի նախագահ պրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ ներկայացնելով Հանրապետության  առողջապահության ոլորտի գործադիր և օրենսդիր պետական կարգավորող մարմինները, Միջազգային Տելեկոմունիկացիոն Միության Գլխավոր Քարտուղար դոկտոր Համադուն Տուրեն, ինչպես նաև կազմակերպչական կոմիտեի համանախագահները՝ ՏԲՀԱ նախագահ Գեորգի Չալտիկյանը,  ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Ծրագիրը շարունակվեց 4 պլենար նիստերով, որոնցում ներկայացված էին Տելեբժշկության և էլ. առողջապահության ոլորտի համարյա բոլոր հարցերին անդրադարձող բացառիկ զեկուցումներ՝ աշխարհի բոլոր անկյունները ներկայացնող հրավիրված զեկուցողների/դասախոսների կողմից (տես ստորև): Հոկտեմբերի 15-ին, կոնգրեսի երկրորդ օրը սկսվեց Հովանավորչական նիստով, որին հաջորդեց 6 տարբեր երկրներ ներկայացնող 8 գիտական զեկուցումներից կազմված Զեկուցողների նիստը: Օրը ամփոփվեց Էլ. առողջապահության փորձագիտական քննարկմամբ, որի սկզբում ուղիղ տելեկոնֆերանսի միջոցով ելույթ ունեցավ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ադրիանա Վելասկես Բերումենը, ապա ԷԿԵՆԳ էլեկտրոնային կառավարման պետական գործակալության տնօրեն Արթուր Ղուլյանը ներկայացրեց ՀՀ-ում Էլ. առողջապահության զարգացման հեռանկարներին նվիրված զեկուցում, որին հաջորդեց Հայաստանում Տելեբժշկության և Էլ. Առողջապահության զարգացման ծրագրին և վերջինիս հաջող իրականացման ուղիներին նվիրված քննարկում:

Անկասկած, միջոցառման հաջողության կարևորագույն գրավականներից էր այն, որ կազմակերպիչները կարողացել էին ապահովել Հրավիրված զեկուցողների և դասախոսների աննախադեպ ներկայացուցչական կազմ՝ բաղկացած Էլ. առողջապահության ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներից. պրոֆեսոր Միխաել Ներլիխ (Տելեբժշկության և է-առողջապահության միջազգային ընկերության՝ ISfTeH նախագահ, Գերմանիա), պրոֆեսոր Յունկապ Կվանկամ (ISfTeH-ի գործադիր տնօրեն, Շվեյցարիա), պրոֆեսոր Մորիս Մարս (Հարավ-աֆրիկյան Տելեբժշկական ասոցիացիայի նախագահ, ՀԱՀ), պրոֆեսոր Ռոնալդ Մերրել (“Telemedicine&eHealth” ամերիկյան ամսագրի գլխավոր խմբագիր), Ֆրանկ Լիվենս (ISfTeH-ի գլխավոր քարտուղար, Բելգիա), պրոֆեսոր  Ռիչարդ Սկոտ (Էլեկտրոնային առողջապահության գլոբալ ռազմավարության գրասենյակի տնօրեն, Կանադա),  պրոֆեսոր Կլաուս Կայզեր (Շարիտե համալսարանի պաթոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Գերմանիա), դոկտոր Յացեկ Գայեվսկի (ISOC կոորդինատոր և CEENet-ի քարտուղար, Լեհաստան), Ջոնաթան Լինկուս (ATA-ի գործադիր տնօրեն, ԱՄՆ, ուղիղ տեսակոնֆերանսի միջոցով), արտադրողական օղակի առաջատար ներկայացուցիչներ Պատրիս Քրիստոֆինի (Orange Healthcare-ի փոխնախագահ, Ֆրանսիա), Սթիվեն Նորմանդին (AMD Global Telemedicine  ընկերության նախագահ, ԱՄՆ), Պիտեր Քիլքոմոնս (Medweb-ի տնօրեն, ԱՄՆ), Միխայիլ Նատենզոն (ՌԴ Ազգային տելեբժշկական գործակալության նախագահ), ինչպես նաև հայաստանյան մասնագետներ Իգոր Մկրտումյան (ISOC-Armenia-ի նախագահ), Արթուր Ղուլյան (ԷԿԵՆԳ-ի գործադիր տնօրեն): Վերը նշված անձանց անգնահատելի ներդրումը և նվիրվածությունը ոլորտի զարգացմանը հանդիսացան կոնգրեսի հաջողության նախադրյալներից մեկը:

Հնարավոր չէ գերագնահատել նաև մեր Հովանավորների և աջակիցների դերը կոնգրեսի կայացման մեջ՝ այն բոլոր կազմակերպությունների, հաստատությունների և ընկերությունների, որոնք աջակցեցին կոնգրեսի կազմակերպմանը և անցկացմանը ուղղակի ֆինանսական ներդրմամբ կամ մատուցելով այլ կարևոր ծառայություններ: Մեծ պատվով և երախտագիտությամբ ենք մեկ անգամ նշում, որ կոնգրեսի ֆինանսական աջակիցների թվում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, ԱՄՆ Պետական դեպարտամենտը՝ ԱՄՆ Պետական ծրագրերի շրջանավարտների հայկական ասոցիացիայի հետ համատեղ, և Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD): Կոնգրեսի Գերագույն հովանավորի դերն ստանձնել էր Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր Օրանժ Արմենիա (FRANCE TELECOM-ի մասնաճյուղ), պաշտոնական գործընկեր բանկն էր Byblos Bank Armenia-ն: Կոնգրեսի հովանավորների և աջակիցների ցանկում ընդգրկված էին տելեբժշկական սարքավորումներ արտադրող համաշխարհային առաջատար AMD Global Telemedicine ընկերությունը (ԱՄՆ); տելեբժշկության ամպային ծառայությունների առաջատար մատակարար Medweb ընկերությունը (ԱՄՆ), էնդոսկոպիկ սարքավորումներ արտադրող հռչակավոր Karl Storz Endoskope ընկերությունը (Գերմանիա); Հայաստանի ինտերնետ-ընկերությունը՝ ISOC-AM և LimbachLab Armenia-ն՝  հանրահայտ գերմանական լաբորատորիայի հայկական մասնաճյուղը, ինչպես նաև տեսակոնֆերանսի սարքավորումների առաջատար արտադրող Polycom, Ալֆա ֆիրման՝  մի շարք ընկերությունների (Mitsubishi, Polycom и др.) հայաստանյան ներկայացուցիչը, և GNC-Alfa-ն՝  օպտիկական մալուխի և ցանցային ծառայությունների մատուցողը: Մեր բազմամյա գործընկեր Apaga Technologies / OZONE Armenia-ն բարձր մակարդակով ապահովեց պլենար նիստերի և ուսումնական սեմինարի ուղիղ ինտերնետ-հեռարձակումը: Կոնգրեսին աջակցող կազմակերպությունների ցանկում էին նաև Երևանի պետական բժշկական համալսարանը,  ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը և  «Արաբկիր» Բժշկական համալիրը, ինչպես նաև որոշ հասակարական կառույցներ, ինչպիսիք են Հայաստանի բժշկական պալատը և Հայկական ուռոլոգիական ասոցիացիան: Մեր միջազգային տեղեկատվական գործընկերներն էին այնպիսի հանրահայտ լրատվական պորտալներ, ինչպիսիք են eHealthNews.EU, International Healthcare Technologies, և Wireless Health Strategies-ը: Մեկ անգամ ևս մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր աջակիցներին:

Կոնգրեսի մասնակիցների վիճակագրությունը

Տելեբժշկության և է-առողջապահության առաջատարների նման աստղաբույլի և հզոր աջակիցների այսպիսի թիմի շնորհիվ զարմանալի չէ, որ կոնգրեսը դարձավ վերջին տարիների ամենահիշարժան և նշանակալի մասնագիտական միջոցառումներից մեկը: Կոնգրեսի անմիջական և առցանց մասնակցեցին ընդհանուր առմամբ 287 հոգի, ներառյալ 19 հրավիրված զեկուցողներ և դասախոսներ, 150 գրանցված մասնակիցներ, 22 հովանավորներ, 20 կազմակերպիչներ և 76 ուսանողներ: Մասնակիցներից 53-ը (մոտ մեկ հինգերորդը) ներկայացնում էին արտասահմանյան կազմակերպություններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից և այլ երկրներից (ընդամենը՝ 20 երկիր): Վերը պատկերված դիագրամում ներկայացված է մասնակիցների բաշխվածությունը ըստ մասնագիտական ոլորտների (“Այլ” սեկտորը ընդգրկում է Հասարակական կառույցների, հիմնադրամների, ԶԼՄ-ների, դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին):
ARMTELEMED-1: Geography

Նման մասնակցությունը և հետաքրքրությունը Կոնգրեսի նկատմամբ ցույց է տալիս, որ չնայած Առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում գտնվում են դեռևս զարգացման սկզբնական փուլում, ակնհայտ է նշանակալի ներուժի առկայությունը հետագա զարգացման համար, և, որ ամենակարևորն է, բոլոր շահագրգիռ օղակները, ներառյալ պետական կառավարական, ակադեմիական մարմինները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները գիտակցում են ՏԿՏ-ի կարևորությունը առողջապահության մեջ:

Հարկ ենք համարում հատկապես նշել նաև Տելեբժշկության և էլ. առողջապահության Միջազգային դպրոցի սեմինարի մասին: Վերջինս ներկայացնում էր կոնգրեսի կրթական բաղադրիչը և կազմակերպված էր ISfTeH-ի և ATA-ի հովանու ներքո և Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD) ֆինանսական աջակցությամբ: Կոնգրեսի մասնակիցներից 75-ը մասնակցեցին նաև սեմինարին, այդ թվում՝ 5 հրավիրված դասախոսներ, 50 գրանցված մասնակիցներ (որոնց կեսից ավելին՝ DAAD շրջանավարտներ Հայաստանից և Վրաստանից) և 14 ուսանողներ: Սեմինարը տևեց 2 օր և կազմված էր տելեբժշկության և էլ. առողջապահության ոլորտի բոլոր ասպեկտները ընդգրկող 6 դասախոսական պարապմունքներից՝ սկսնակների համար, ինչպես նաև գործնական պարապմունք, որը անցկացրեցին ոլորտի ամերիկյան առաջատարներ հանդիսացող  AMD Global Telemedicine և Medweb ընկերությունների ներկայացուցիչները: Սա Տելեբժշկության և էլ. առողջապահության ոլորտի նմանատիպ առաջին կրթական միջոցառումն էր Հայաստանում և արժանացավ մասնագիտական համայնքի բարձր գնահատանքին: Սեմինարի բոլոր պարապմունքները ձայնագրվեցին և շուտով կհրատարակվեն DVD-ի ձևով: Ավելին, ենթադրվում էր, որ սեմինարը կհանդիսանա Առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ուսումնական կուրսի նախաբան, և նմանատիպ կուրսի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Համաձայն առաջադրված նպատակներին ու խնդիրներին, կոնգրեսի հիմնական արդյունքները կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

  1. Պատմության մեջ առաջին անգամ  Հայաստանի առողջապահական ՏՀՏ համայնքը հնարավորություն ստացան ունկնդրել նման ժամանակակից դասախոսություններ և զեկուցումներ ոլորտի համաշխարհային առաջատար փորձագետների կողմից, որոնք կիսեցին տելեբժշկական և էլ. առողջապահական ծրագրերի կայացման ոլորտում իրենց նշանակալի փորձը, ներկայացնելով ոլորտի պատմությունը և ներկա զարգացումները, հնարավոր հեռանկարները, արտացոլելով առկա մարտահրավերները և դժվարությունները նման ծրագրերի իրականացման ճանապարհին, վերջիններիս հաղթահարման ուղիները:
  2. Հայաստանում առողջապահական ՏՀՏ ոլորտում գործունեություն ծավալող կառույցները և մասնագետները գերազանց հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները միջազգային հասարակայնությանը՝ կոնգրեսի նյութերի և իրազեկման միջոցով, ի ցույց դնելու սեփական փորձը, արտադրանքը և ծառայությունը, և ստանալ ոլորտի համաշխարհային առաջատարների մասնագիտական կարծիքը:
  3. Կոնգրեսը հնարավորություն տվեց մասնակիցներին ստեղծել նոր կապեր և համագործակցության հեռանկարներ, ինչը անկասկած կարտացոլվի վաղ ապագայում նոր գործընկերային հարաբերությունների, համատեղ ծրագրերի կամ պարզապես փոխշահավետ մասնագիտական համագործակցության հաստատման ձևով:

Հրավիրված զեկուցողների և փորձագետների եռօրյա լարված աշխատանքի արդյունքը կհանդիսանա նաև Հայաստանում Ազգային տելեբժշկական և էլ. առողջապահական ծրագրերի հետագա զարգացման վերաբերյալ փորձագիտական խորհրդատվական փաթեթի մշակումը, որը շուտով կհրատարակվի, արտացոլելով փորձագիտական խմբի ընկալումը մեր երկրում ոլորտի ներկա վիճակի և առաջնայնությունների վերաբերյալ:

Այսպիսով, միջոցառումը բացառիկ հարթություն ստեղծեց փորձի երկկողմանի փոխանակման, նոր կապերի, համագործակցության հաստատման համար, այն հետագայում կդառնա կանոնավոր գիտական և կրթական իրադարձություն և կխթանի բժշկության և առողջապահության ոլորտում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը:

Պատկերը ավարտուն դարձնելու համար արժե նշել նաև, որ միջոցառումը հյուրընկալող  Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում ստեղծված էր գերազանց մթնոլորտ, և կոնգրեսի կազմակերպիչները ապահովեցին մասնակիցների համար բոլոր անհրաժեշտ պայմանները ոչ միայն կոնգրեսի բացառիկ գիտա-ուսումնական ծրագրից առավելագույնս օգտվելու համար, այլ նաև հրավիրված փորձագետների և միմյանց հետ անմիջականորեն շփվելու համար՝ կոնգրեսի ընդմիջումների, Հանդիսավոր ընդունելության և հիշարժան ու դինամիկ Գալա-երեկույթի ընթացքում: Մեր արտերկյրյա հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, հարուստ պատմա-մշակութային ժառանգությանը բարձր մակարդակով կազմակերպված մշակութային ծրագրի շրջանակներում:

Ցանկանում ենք նաև հիշեցնել կոնգրեսի այն մասնակիցներին, որոնք դեռ չեն ստացել կոնգրեսի մասնակցության Վկայագրերը, դիմել կոնգրեսի քարտուղարություն, որպեսզի վավերացվեն EACCME-ի (European Accreditation Council for Continuing Medical Education) կողմից ստացած Շարունակական բժշկական կրթության 15 Եվրոպական կրեդիտները:

Հաշվի առնելով, որ թարմ տեղեկատվությունը կոնգրեսի վերաբերյալ, զեկուցումները, կոնգրեսի լուսանկարները և տեսանյութերը շարունակաբար հրատարակվելու են կոնգրեսի ինտերնետ կայքում, որը նաև կվերածվի վեբ-պորտալի բոլոր հետագա միջոցառումների համար, խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել մեր կայք, ինչպես նաև միանալ մեր հասցեների ցանկին, Facebook-ի էջին և խմբին, LinkedIn-ի խմբին, և Twitter-ին:

Ուրախ կլինենք նաև լսել մեր բոլոր մասնակիցների և հյուրերի կարծիքները: Խնդրում ենք կիսել մեզ հետ կոնգրեսի կազմակերպման և անցկացման վերաբերյալ ձեր տպավորությունները և մտահոգությունները, հատկապես այն պահերի վերաբերյալ, որոնք կարիք ունեն բարելավման և զարգացման: Կապվե՛ք մեզ հետ ցանկացած ձևով՝ հղելով ձեր մեկնաբանությունները կոնգրեսի վեբ-կայքի, սոցիալական ցանցերի, էլ. փոստի միջոցով կամ հեռախոսով: Ձեր կարծիքը խիստ կարևոր է մեզ համար և կօգնի մեզ հետագա միջոցառումները կազմակերպելիս:

Մեկ անգամ ևս, շնորհակալ ենք ԱՐՄՏԵԼԵՄԵԴ-1-ի հանդեպ Ձեր հետաքրքրության համար և հուսով ենք հանդիպել Ձեզ մեր հաջորդ միջոցառմանը:

Հարգանքներով և լավագույն մաղթանքներով,

ԱՐՄՏԵԼԵՄԵԴ-1-ի Կազմակերպչական կոմիտե